Տնտեսություն

«Եվրասիական տնտեսական միության դատարանի գործունեությունը» թեմայով սեմինար-քննարկում

15 օգոստոս, 2015

  • Нравится

«Լեգալ պրոգրես իրավական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ անցկացվեց «Եվրասիական տնտեսական միության դատարանի գործունեությունը» թեմայով սեմինար-քննարկում, որը վարում էին Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Արմեն Թումանյանը և Էռնա Հայիրյանը: Բանախոսները նախ ներկայացրեցին, թե ի՞նչ պարտականություններ ունեն Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորները և ի՞նչ սկզբունքով են ընտրվում նրանք: Դատարանի կազմում ԵՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր նշանակում է երկուական դատավոր՝ ինը տարի պաշտոնավարման իրավունքով: Ըստ դատարանի կանոնադրության՝ դատավորները պետք է ունենան բարձր որակավորում ունեցող մասնագետներ միջազգային և ներպետական իրավունքի ոլորտում, ինչպես նաև պետք է համապատասխանեն անդամ պետությունների բարձրագույն դատական մարմինների դատավորների դեպքում կիրառվող պահանջներին: Դատավորները պետք է նշանակվեն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ անդամ պետությունների ներկայացմամբ: Դատարանը պետք է ունենա նախագահ և տեղակալ, որոնց ընտրում են դատարանի անդամները` իրենց կազմից: Դատարանի նախագահը և նրա տեղակալը նույն անդամ պետության քաղաքացիներ չեն կարող լինել,- ասաց Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր Էռնա Հայիրյանը:
Հարց ու պատասխանների միջոցով սեմինարի մասնակիցները փորձեցին պարզել ո՞վքեր կարող են դիմել Եվրասիական տնտեսական միության դատարան և ի՞նչ հարցերով: Մասնավորապես, Ա1 պլուսի լրագրող Ռոբերտ Անանյանին հետաքրքրում էր, արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները, ինչպես օրինակ, Նաիրիտի հարցով կարող են դիմել ԵՏՄ դատարան:
Օրինակ, եթե երկու պետություններ պայմանագիր են կնքել և Ռուսաստանն այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարում, ՀՀ քաղաքացին կարո՞ղ է որպես ֆիզիկական անձ, ով շահագրգռված է այդ պայմանագրի կատարմամբ, դիմել ԵՏՄ դատարան,- հարցրեցին փաստաբանները: Հայաստանում Եվրասիական տնտեսական միության դատարանը ներկայացնող դատավոր Էռնա Հայիրյանը նշեց, որ դա առանձին տեսություն է, և դրա մասին խոսելն առայժմ վաղ է:
ԵՏՄ դատավոր Արմեն Թումանյանն էլ ավելացրեց, որ ֆիզիկական անձինք ԵՏՄ դատարան դիմելու իրավունք չունեն: Նման իրավունք ունեն իրավաբանական անձիք, այսինքն՝ ընկերությունները, ձեռնարկությունները, հիմնարկները, անհատ ձեռներեցները և այլն:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որն ունի միջազգային իրավասուբյեկտիվություն:
Միությունը կոչված է անդամ-պետությունների տնտեսությունների կայուն զարգացման, այդ երկրների բնակչության կենսապայմանների բարձրացման, ինչպես նաև գլոբալ տնտեսության պայմաններում համակողմանի արդիականացման, կոոպերացման և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման համար պայմաններ ստեղծել:
Հայաստանը ներկայացնող Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Արմեն Թումանյանը և Էռնա Հայիրյանը սեմինարի մասնակիցներին խոստանում են՝ նմանատիպ քննարկումներ շատ կլինեն, իսկ մինչ այդ խորհուրդ են տալիս ուսումնասիրել ԵՏՄ պայմանագիրը, որպեսզի հաջորդ հանդիպմանն ավելի առարկայական քննարկում ծավալվի: