Արմավիր Համայնքներ

Գետնանցում կա, սպասարկում չկա, տերն էլ անհայտ է…

2 փետրվար, 2016

  • Нравится

Արմավիր քաղաքը և հարակից Նորապատ համայնքը միմյանց կապում է երկաթգծի Արմավիր կայարանն ու հարևանությամբ գտնվող գետնանցումը, որն արդեն երկար տարիներ է վերածվել է աղբանոցի: Գետնանցումը չի լուսավորվում և չի սպասարկվում ոչ մեկի կողմից: Մարդիկ, այսպես կոչված, Սադախլու շուկա և սադախլուի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքեր երթևեկությունը կազմակերպում են երկաթուղու գծերով: Այլ տարբերակ չկա, անցում մուտք գործելը տհաճ է ու անհնար:
Նորապատ համայնքի բազմաբնակարան շենքերը մտնում են Արմավիր քաղաքի վարչական տարածքի մեջ, և կապը քաղաքի հետ կազմակերպում են երկաթուղու գծերով անցնելով, որը շատ վտանգավոր է: Դրությունն ավելի է բարդանում, երբ կայարանում կայանած են լինում բեռնատար վագոններ և անցում կատարելու համար քաղաքացին հատուկ հմտությունների շնորհիվ է կարողանում միայն վագոնի տակով անցնել ու քաղաք մուտք գործել:
Ու՞մ է պատկանում աղբով լի գետնանցումը, ո՞վքեր պետք է ապահովեն մաքրությունը և ու՞մ իրավասության ներքո է գետնանցման սպասարկումը, ոչ ոք չգիտի: Համենայն դեպս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում չէ անցումը: Ասում են անցումը Արմավիրի քաղաքապետարանինն է, իսկ քաղաքապետարանի աշխատակազմի «Բարեկարգում տնօրինությունը» հակառակն է պնդում, ասում է գետնանցման տարածքը Հարավկովկասյան երկաթուղունն է և նրանք էլ պետք է իրականացնեն սպասարկումը: