Համայնքներ Մեծամոր

Գարշահոտն արդեն դուրս է եկել Մեծամոր քաղաքի սահմաններից: Արդեն 26 տարի է պետք է կառուցվի մաքրման կայանը

3 փետրվար, 2016

  • Нравится

Մեծամոր քաղաքում տարածված գարշահոտը մոտ երեք տասնյակ տարիների պատմություն ունի: Ամռանը համաճարակի վտանգն է մեծանում, ձմռանն էլ հոտն է սրանում, իսկ գարնանն արդեն, երբ ջրանցքը սկսում է վարարել ու ափերից դուրս գալ, քաղաքում շնչելն անհնար է դառնում, իսկ պատուհանները բացելու և տունն օդափոխելու մասին մեծամորցիներն արդեն մոռացել են: Սկզբում մեծամորցիները կարծում էին, որ տարածված հոտի պատճառը քաղաքի հարևանությամբ ոչ հեռու գտնվող ճահճուտներն են, հետո միայն պարզեցին, որ գարշահոտի պատճառը մաքրման կայանն է, որն անհիշելի ժամանակներից չի գործում: Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանն էլ մտահոգված է խնդրով, ասում է ինքն էլ է գարշահոտը շնչում, բայց ոչ քառամյա ծրագրով, ոչ էլ քաղաքային համայնքի բյուջեով խնդիրը լուծել չի կարող, այստեղ մաքրման նոր կայան պետք է կառուցվի, իսկ դրա համար, ըստ քաղաքապետի, մեծ գումարներ կպահանջվի, հարցը կառավարության մակարդակով պետք է լուծվի: Երբ կլուծվի, ոչ ջրամատակարարը, ոչ քաղաքային իշխանությունները ժամկետներ նշել չեն կարողանում, միայն մարզային իշխանություններն են փորձում հարցի պատասխանը տալ, բայց ժամկետների մեջ կրկին սխալվում են: 2013 թվ-ից սկսած ամեն տարի նախատեսվում, բայց չի սկսվում մաքրման կայանի կառուցման աշխատանքները: Թե ո՞րքան են ստիպված մեծամորցիները շնչել կոյուղաջրերից առաջացող գարշահոտը, պարզ չէ: