Պատահարներ

ԳԱԶԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԴՊՐՈՑՈՒՄ

22 նոյեմբեր, 2012

  • Нравится

Նոյեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի միջնակարգ դպրոցում: Գազային թունավորում է ստացել 8 ուսուցիչ, 17 աշակերտ: Ժամը  11:30-ի սահմաններում Նոր Արտագերսի բուժամբուլատորիա ահազանգ է ստացվել, որ գյուղի միջնակարգ դպրոցում ուշագնացության և սրտխառնոցի դեպքեր են արձանագրվել: Գյուղի բժշկուհին՝ Անահիտ Բադալյանը, պատմում է, որ շտապել է դպրոց և հասկացել՝ նրանք բոլորն էլ գազային թունավորում են ստացել: Եղել են աշակերտներ, որոնց մոտ նկատվել է բարձր ճնշում, գլխապտույտ, սրտխառնոց: Ըստ բժշկի, ընդհանուր առմամբ, նկատվել է թունավորման երևույթներ:

Դպրոցի հարևանությամբ բնակվող բնակիչները, տեսնելով դպրոցի բակի խուճապը, շտապել են օգնության: Հասկանալով, որ գործ ունեն թունավորման երևույթի հետ, սեփական թանով ու մածունով տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն:

Դպրոցի տնօրեն Սամվել Խաչատրյանը դադարեցրել է դասերը, ուսուցիչներին ու աշակերտներին հորդորել լքել դասասենյակները: Ըստ Խաչատրյանի դպրոցի ջեռուցումը սկսվել է 5 օր առաջ: Մինչ այս օգտագործվել է մեկ այլ տեղից ձեռք բերված վառելանյութ, իսկ երեկ ստացել են դպրոցի համար նախատեսված հեղուկ վառելանյութի իրենց չափաբաժինը՝ 1 տոննա 250 լիտր: Այսօր դպրոցի ջեռուցումը կազմակերպվել է նոր վառելանյութի միջոցով: Երրորդ դասաժամին արդեն տարածված տհաճ հոտն ու ծուխը թույլ չի տվել շարունակել դասապրոցեսը: Ստեղծված իրավիճակից վատացել է աշակերտների ինքնազգացողությունը:

Տնօրենը վստահեցնում է, բոլոր տուժածները տեղում ստացել են համապատասխան բժշկական օգնություն և գնացել տուն: Հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել:

Դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզային փրկարարական ջոկատի անդամները և ոստիկանության աշխատակիցները: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է փորձանմուշներ վառելիքից: Հանգամանքները պարզվում են: