Վերլուծություն

Բնական աղետը գյուղատնտեսության բնագավառի թվերի հետ կապ չունի

1 հուլիս, 2014

  • Нравится

Ընթերցելով 2014թ. հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշները, որը, հղում կատարելով ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին, տեղադրված է Գյուղնախարարության պաշտոնական կաքում, ակամայից հիշում ես հրեայի անեկտոդը, երբ հրեային հարցնում են, որտեղից քեզ փող, պատասխանում է պահարանից: Երբ հարցնում են պահարանում ո՞րտեղից փող, պատասխանում է՝ կինս է դնում: Իսկ երբ հարցնում են կնոջդ ո՞րտեղից փող, պատասխանում է՝ ես եմ տալիս: Վերջապես երբ հարցնում են քեզ ո՞րտեղից փող, պատասխանում է՝ պահարանից:
Նույն փակ շրջան է ստացվում գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշներ նկարելիս: Գյուղնախարարությունը հղում է կատարում վիճակագրական ծառայությանը, վիճակագրական ծառայությունը՝ մարզպետարանին, մարզպետարանը՝ գյուղապետարանին, գյուղապետարանը՝ մարզպետարանին, մարզպետարանը՝ գյուղատնտեսության նախարարությանը, գյուղնախարարությունը՝ ազգային վիճակագրական ծառայությանը:
Ցուցանիշներին հիմնականում գեղարվեստական տեսք է տրվում վերը նշված օղակների համագործակցության արդյունքով, որից ստացվում են իրականության հետ բոլորովին կապ չունեցող թվեր:
Օրինակ, այս տարի, համաձայն վերը նշված կոմբինացիայի, հանրապետությունում 2014թ. հունվար-մայիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 160.8 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.4 %-ով:
Կարդալով այս ցուցանիշը, յուրաքանչյուր գյուղացու մոտ շատ պարզունակ հարց է առաջանում, թե ո՞ր կուլտուրայի մշակության կամ ո՞ր ապրանքի արտադրության արդյունքում առաջացավ այս թիվը: Արարատյան դաշտավայրի ցրտահարությունը նախորդ տարվա համեմատ մոտ 50%-ով կրճատեց հունվար-մայիս ամիսներին ակնկալվող համեմի, թարխունի, բողկի, ելակի բերքը: Գազի թանկացումը 80%-ով կրճատեց ջեռուցվող ջերմատների ծավալները: Մնում է անասնապահությունը, սակայն այս բնագավառում էլ մխիթարական տվյալներ չկան: Անցած տարի կերի կտրուկ թանկացման պատճառով խոզերի գլխաքանակը կտրուկ նվազեց: Դա է վկայում նաև խոզի մսի թանկացումը: Նույնը կարելի է ասել մանր եղջերավոր անասունների մասով: Եթե հաշվի առնենք, որ խորքային հորերի հաշվառման արդյունքում ձկնարդյունաբերության ծավալները նվազել են, մնում է թռչնաբուծությունն ու կաթնամթերքի արտադրությունը: Պարբերաբար ձվերի անհետացումը խանութներից կամ թանկացումը մինչև 80 դրամ վկայում են, որ այս բնագավառում էլ արտադրանքի պակաս կա: Գյուղատնտեսության համար աննախադեպ ոչ բարենպաստ տարվա և անասնակերի թանկացման պատճառով գյուղացին ստիպված կովերին է մորթում, այնպես որ կաթնամթերքի արտադրության գծով էլ աճ արձանագրելը աբսուրդ է:
Անապատացված գյուղատնտեսական հողերի ծավալների մոնոտոն ավելացման, գյուղերում արտագաղթի ծավալների աղետալի չափերի, բնական աղետների ֆոնի վրա նունիսկ եթե մի 10% հետընթաց արձանագրվեր, էլի կասկած կառաջացներ, ուր մնաց առաջընթացը:
Այժմ կարելի է արձանագրել: Հայաստանում գյուղատնտեսությունը քայքայվում է իրականությունից կտրված թվերի պատճառով, որոնք հնարավորություն չեն տալիս ունենալու բնագավառի իրական պատկերը և մշակելու ծրագրեր այն փրկելու համար:
ՀԳ Լարսի անցակետի փակման, պտղատու այգիների ցրտահարման, տարբեր տեղերի կարկուտի, սպասվող երաշտի ֆոնի վրա տեսնենք ի՞նչ նոր անակնկալ թվերի ենք հանդիպելու առաջիկայում:

Դիտումներ՝ 3807