Պատահարներ

Բազմաբնակարան շենք է հրդեհվել, 10 ընտանիք հայտնվել է փողոցում

23 հոկտեմբեր, 2017

  • Нравится

Հոկտեմբերի 22-ին, կեսգիշերին մոտ Նորապատ համայնքի բնակիչներն արթնացան ուժեղ պայթյունից: Այրվում էր Սիլիկյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ բնակվում էր 10 ընտանիք: Շենքը կառուցվել է նախորդ դարի 30-ական թվականներին և համարվում էր 4-րդ կարգի վթարային: Բացի շենքի պատերից, բոլոր կոնստրուկցիաները փայտից էին:
ԱԻՆ Արմավիրի մարզային վարչությունը դեպքի մասին ահազանգ ստացել էր 22:20-ին, մեկ մարտական հաշվարկով փորձել էր կանխել կրակի տարածումը, սակայն բնակարանների գազի բալոնների պայթյունի և փլուզման պատճառով կրակը տարածվել էր շենքի բոլոր հարկերով և խիստ անհրաժեշտություն էր առաջացել լրացուցիչ հաշվարկներ ներգրավելու հրդեհակիզման աշխատանքներում:
Կրակի տարածումն այնքան անսպասելի էր եղել, որ շենքի բնակիչները չէին հասցրել նույնիսկ առաջին անհրաժեշտության իրերը դուրս բերել բնակարանից: Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի բնակիչներից շատերը գիշերն անցկացրել են ծանոթների և բարեկամների մոտ, բացառությամբ 48-ամյա Հրաչ Հակոբյանի, ով, իր խոսքով, գնալու տեղ չի ունեցել:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բնակիչների բնակարանային հարցը լուծելու նպատակով դիմել է կառավարություն:
Շենքը սկզբում պատկանել է Հոկտեմբերյանի Բամբակ գործարանին, այնուհետև այն զբաղեցրել է Հոկտեմբերյանի շրջանի դատարանը: 90-ականներին քաղաքի հաշվեկշռից դուրս է եկել և Ֆուրնիտուրային գործարանի հետ միասին սեփականաշնորհվել անհատի կողմից: