Արևադաշտ Համայնքներ

Արևադաշտցիների խմելու ջրի հետ որդեր են գալիս

17 հունվար, 2015

  • Нравится

Արևադաշտի խմելու ջրի խնդիրն օրակարգից դուրս չի գալիս: 20 տարուց ավելի է, արևադաշտցիների սեփական բակի ծորակներից ջուր չի հոսում: ՄԱԿ-ի զարգացման ծրագրով, երկու տարի առաջ, գյուղի խմելու ջրի ներքին ցանցն ամբողջությամբ փոխվեց և մնում էր միայն, ջրագծի հանգույցները մոնտաժելով, վերջնականապես լուծել համայնքի խմելու ջրի խնդիրը, բայց չլուծվեց. արևադաշտցիները շարունակում են հնամաշ խողովակներից ջուրը ստանալ, այն էլ՝ գյուղամիջի միակ ծորակից:
Նոր ջրագիծը փորվել է հնին կից և տարբեր հատվածներում վնասվել է հին խողովակաշարը, որը մինչ օրս ծառայում է ջրամատակարարման համար: Վնասված հատվածներից ջրամատակարարման ժամանակ լճակներ են առաջանում, որտեղից ջուր են խմում խոշոր և մանր եղջերավոր անասունները: Երբ մատակարարումը դադարում է, կուտակված ջուրը ետ է լցվում խողովակաշար և ծառայում որպես խմելու ջուր:
Արևադաշտի գյուղապետ Հովսեփ Օհանյանն ասում է, որ շինարարն է ձգձգում նոր ջրագծերի հանգույցների մոնտաժումը, գյուղապետը վստահեցնում է, որ խնդրի մասին տեղյակ է պահել ֆինանսավորողին, սպասում է պատասխանին: Օհանյանի խոսքով գյուղապետարանը աշխատանքները ավարտին հասցնելու իրավասություն չունի: Ըստ Հովսեփ Օհանյանի ծրագիրը ավարտված համարելու համար մնում է 27 հանգույցները մոնտաժվեն և 85 դիտահորեր տեղադրվեն, թե երբ կշարունակվեն և կավարտվեն այդ աշխատանքները գյուղապետը դժվարանում է ժամկետներ նշել, սպասում է շինարարներին: