Արևադաշտ Համայնքներ

Արևադաշտի դպրոցի ոդիսականը

18 հունվար, 2016

  • Нравится

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի այս փայտաշեն շինության ցուցատախտակից կարելի է միայն գլխի ընկնել, որ շենքը ծառայում է որպես գյուղի դպրոց: Դպրոցում մշտական բնակություն հաստատած կենդանիների, սողունների և թռչունների ցանկը չմանրամասնելով՝ փաստենք, որ փայտից կառուցված շինությունը, որը ժամանակին զինվորական շտաբ է եղել, արդեն քառորդ դար է, որպես դպրոց է գործում: Փայտաշեն դպրոցը վտանգավոր է դարձել աշակերտների և ուսուցիչների առողջության համար: Պարզաբանելու համար նշենք հետևյալ երևույթը՝ փայտից շենք, ձմեռ, վառարան, աշակերտներ:
Դպրոցի նոր շենք ունենալը յուրաքանչյուր արևադաշտցու երազանքն էր, հատկապես աշակերտների, ովքեր առաջին զանգով հույս էին փայփայում, որ վերջին զանգը նոր դպրոցում են նշելու:
Դպրոցի խնդիրը մտահոգեց նաև Հայ կրթական հիմնարկությանը, որը, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, որոշեց գումարներ հայթայթել և վերջնականապես լուծել գյուղի դպրոցի հարցը: Հայ կրթական հիմնարկությունը հանգանակություն կազմակերպեց ԱՄՆ-ում և մեծ ջանքերի գնով կարողացավ բարերարներից մոտ 100 հազար դոլար գումար հանգանակել: Հավաքագրված գումարը բավարար էր այս փոքրիկ գյուղի 70 աշակերտի համար կառուցել նոր դպրոց:
Հայ կրթական հիմնարկությունը սկսեց բանակցություններ տեղական իշխանությունների հետ՝ նոր դպրոց կառուցելու նպատակով իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ և 2015թ. մարտի 2-ին մեծ շուքով տեղի ունեցավ դպրոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը:
Դպրոցի շինարարի ընտրությունը կատարվել էր հարցումների միջոցով և, ըստ Ստեփան Նալբանդյանի, ով այդ ժամանակ Հայաստանում Հայ կրթական հիմնարկության գործադիր տնօրենն էր, մեզ հայտնեց, որ գյուղապետի միջնորդությամբ որպես շինարարական կազմակերպություն է ընտրվել «Սպադավմար» ՍՊԸ-ն: Սպադավմարի տնօրեն Սլավիկ Պողոսյանը դպրոցի կառուցման համար առաջարկել էր 50 տոկոսով պակաս գին, քան մի քանի այլ շինարարական կազմակերպություններ:
44 մլն 330 հազար դրամ առաջարկելով՝ Պողոսյանը ստանձնում է դպրոցի կառուցման աշխատանքները:
Փաստով ոգևորված էին գյուղապետը, շինարարը և պատվիրատուն: Նրանց ոգևորությունն այն աստիճանի հասավ, որ Արևադաշտի գյուղապետ Հովսեփ Օհանյանը դպրոցի շինարարության համար հատկացրեց մեկ հեկտար տարածք, որն ուներ սեփականատերեր: Շինարարն առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի սկսեց շինմոնտաժային աշխատանքները: Պատվիրատուն ձեռք չբերեց շինարարության օրենքով նախատեսված թույլտվությունը: Այստեղից էլ սկսվեց դպրոցի ոդիսականը:
Կողմնորոշվելու համար պատվիրատուն նախապես շինարարին էր հանձնել ինչ-որ շենքի լուսանկար: Ավելի ուշ, երբ արդեն կառուցվել էր շենքի կմախքը, լուսանկարի բազայի վրա ստեղծվեց նախագծանախահաշվային փաստաթղթեր, ձեռք բերվեց նաև շինթույլտվություն: Շինարարը, ստանալով նախատեսված գումարի 75 տոկոսը որպես կանխավճար, առաջնորդվելով լուսանկարով, սկսեց շինարարությունը՝ խախտելով շինարարական աշխատանքների ամենատարրական նորմերը: Օրինակ, հիմնախարիսխն իրականացվեց տուֆ քարով՝ առանց ջրամեկուսացման, իսկ ամրանները նախկինում օգտագործված էին եղել:
Սկիզբ առան գյուղապետ-պատվիրատու-կապալառու տարաձայնությունները՝ շինարարը գումար էր պահանջում, կապալառուին կատարված աշխատանքները չէին գոհացնում, գյուղապետն իրեն խաղից դուրս համարելով՝ դպրոց էր պահանջում:
Արդյունքում եղավ այն, որ շինարարության ավարտի նախատեսված ժամկետները խախտվեցին և 2015թ. օգոստոսի 25-ը փոխարինվեց հոկտեմբերի 17-ով:
Շինարարական աշխատանքները սկսեցին կրել տարերային բնույթ: Շինարարը պահանջում էր մնացած գումարը դպրոցն ավարտին հասցնելու համար, պատվիրատուին չէր գոհացնում աշխատանքները և նոր փոփոխություններ էր պահանջում:
Բանը հասավ նրան, որ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան ծրագրերի ղեկավար Նշան Փիրումյանը որոշեց դադարեցնել Արևադաշտի դպրոցի շինարարության ֆինանսավորումը, որից առայժմ տեղյակ չէ Սպադավմարի տնօրենը:
Դպրոցի շինարարական աշխատանքներում մնում է տանիքը ավարտին հասցնել, հատակը և ներքին հարդարման աշխատանքները: Ըստ Նալբանդյանի, լրացուցիչ գումարներով նախատեսվում էր իրականացնել շենքի ջեռուցումը, գույքի ձեռբերումը և բակի բարեկարգումը: Ջեռուցման համար նախատեսված 2 մլն դրամի 30 տոկոսը կապալառուն ստացել է:
Այժմ դպրոցի շինմոնտաժային աշխատանքները դադարեցված են: Պատվիրատուն, ըստ Նալբանդյանի, ով 2016 թվ-ին արդեն հիմնարկությունում չի աշխատում, հայտնեց հիմնարկության տնօրենների խորհրդի վերջին որոշումը:
Մենք փորձեցինք ԱՄՆ-ում գտնվող Նշան Փիրումյանից էլէկտրոնային նամակի միջոցով պարզաբանումներ ստանալ երևույթների և շինարարության ավարտի ժամկետների վերաբերյալ, սակայն պատասխան չստացանք: