Արմավիր Համայնքներ

Արմավիր քաղաքի բյուջեն 46 մլն դրամով կրճատվել է

24 դեկտեմբեր, 2015

  • Нравится

Արմավիր քաղաքի ավագանին տարեվերջյան նիստով հաստատեց 2016թ. քաղաքային համայնքի բյուջեն: Քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող այս փաստաթղթի քննարկմանը ավագանու 15 անդամներից մասնակցում էին 10-ը: Քաղաքապետն այնքան էլ լավ լուրով չսկսեց բյուջեի քննարկումը. 2016-ի բյուջեն 46 մլն դրամով կրճատվել է:

Չնայած ավագանին հարցեր չունի բյուջեի կրճատման վերաբերյալ, սակայն քաղաքապետ Ռուբեն Խլղթյանը վրդովված է, նշում է պատճառներից մեկը, անուններ չի հնչեցնում, բայց վստահեցնում է՝ գույքահարկի վճարումներից խուսափող 4 սեփականատեր դատարանի միջոցով կպարտավորվեն կատարել իրենց պարտականությունները:

Քաղաքապետը 2016թ. բյուջեն դնում է քվեարկության: 2016թ. բյուջեի եկամուտները կազմում է 749 մլն 719.2 հազար դրամ և նույնքան էլ կազմում է ծախսերը: Ավագանուն հետաքրքրող  հարցեր չկան, առաջարկություններ՝ առավել ևս: Ավագանին հաստատում է ու շտապում նույն անտարբերությամբ քվեարկել նաև օրակարգի մյուս 13 հարցերը, որոնք սկսվում էին համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների իրականացման և դրանց անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը սահմանելուց, ավարտվում գույքահարկի արտոնություններ սահմանելուց: Ընդհանուր առմամբ 14 հարցից և 80 էջից բաղկացած օրակարգը քաղաքապետը և քաղաքապետարանի բաժնի պետերը ներկայացրեցին մոտ 40 րոպեում, նույնքան էլ տևեց նիստը, քանի որ ավագանին լսողի դերում էր և օրակարգի նկատմամբ ոչ մի առաջարկություն կամ դիտողություն չուներ: