Քաղաքացիական լրագրություն

Արմավիրի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

22 հունիս, 2018

  • Нравится

Հունիսի 22-ին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց էր՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին: Նիստին ներկա ավագանու 14 անդամներից 4 դեմ, 10 կողմ ձայներով ընդունվեց քաղաքապետի հրաժարականը: Աշխատակազմը հավաքվել էր քաղաքապետարանի մուտքի մոտ հրաժեշտ տալու Ռուբեն Խլղաթյանին: Խլղաթյանն իր հրաժարականը կապում է երկրում տեղի ունեցող փոփոխությունների հետ:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյան – Իմ անձնական որոշումն է եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր իշխանություն է, նոր կառավարման մոդելներ են, թող գան աշխատեն, իրենց բարի երթ:
Ավագանու ընդունած որոշման արձանագրությունը ներկայացվել է Արմավիրի մարզպետարան: Մարզպետարանն իր հերթին ավագանու որոշումը կներկայացնի կառավարությանը:
Արմավիրի նախաձեռնող խումբը, արդեն մեկ շաբաթ էր, պահանջում էր Արմավիրի քաղաքապետի հրաժարականը: Պահանջատեր երիտասարդների կարծիքով, քաղաքապետն իր պաշտոնավարման տարիների ընթացքում տեսադաշտից դուրս է թողել քաղաքի բարեկարգման և սանիտարական խնդիրները:
Ռուբեն Խլղաթյանը քաղաքապետի պաշտոնում էր 2004 թվ-ից: Օրենքով սահմանված կարգով վարչապետը քաղաքապետի հրաժարականն ընդունելուց հետո կնշանակի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հոկտեմբերի 21-ը կայանալիք ՏԻՄ ընտրություններ: