Տնտեսություն

ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

17 մարտ, 2013

  • Нравится

Արմավիրի քաղաքային զբոսայգին նորից կկանաչապատվի ու ծառածածկ կդառնա. Արմավիրի մարզային ու քաղաքային իշխանություններն են խոստանում: Այսօր քաղաքային զբոսայգում ծառատունկ իրականացվեց, 450 դեկորատիվ ծառ տնկվեց: Ծառատունկին մասնակցում էին նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Մոտ 20 օրից շահագործման կհանձնվի նաև այգում հորատվող խորքային հորը: Նշենք, որ քաղաքային զբոսայգին անապատի էր վերածվել ոռոգման համակարգի բացակայության պատճառով: Նոր ոռոգման համակարգը հնարավորություն կտա ոռոգել այգին ու բժշկական կենտրոնի կանաչապատ տարածքը: Քաղաքապետը վստահեցնում է, նորատունկ ծառերն անուշադրության չեն մատնվի, այս ամռանն արդեն արմավիրցին կանաչ ու ծաղկապատ այգում կշրջի: Շուտով նաև այգում մյուս հատվածի ցանկապատման աշխատանքները կսկսվի: Իսկ մինչ այդ մարզպետն ու քաղաքապետը հորդորում են արմավիրցիներին այգու և քաղաքի կանաչապատ տարածքների նկատմամբ ուշադիր վերաբերմունք դրսևորել, երեխաներին թույլ չտալ ծառերը կոտրել ու կանաչ տարածքը աղտոտել: Ռուբեն Խլղաթյանին վրդովեցրել էր նաև այն փաստը, որ կոտրել էին այգու ցերեկային ու գիշերային լույսերը, ուստի քաղաքապետը խոստանում է, այգում աշխատողների կազմը կվերանայվի, իսկ հսկողությունը կուժեղացվի, զբոսայգու պահպանության համար հնարավոր է տեսախցիկ տեղադրվի, այդ հարցով քաղաքապետն ավագանուն կդիմի: Իսկ առաջիկայում Ռուբեն Խլղաթյանը քաղաքում երկօրյա շաբաթօրյակ կկազմակերպի: