Տնտեսություն

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՅԱՍԱՏԱՆՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱՐԶՈՒՄ ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ ՀԻՄՆԵԼ

18 հունիս, 2013

  • Нравится

Հունիսի 16-ին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Կողմերը, միմյանց ողջունելով, վստահեցրին, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները շարունակական են լինելու: Մարզպետը հակիրճ նկարագրեց Արմավիրի մարզի աշխարհագրական դիրքը և հիմնական զբաղմունքը: Մարզը գյուղատնտեսական է, գյուղմթերքների արտադրության ոլորտում մեծ ցուցանիշներ են գրանցվում, ստացվող արտադրանքը աչքի է ընկնում իր համով ու տեսքով, կան վերամշակող ձեռնարկություններ, որտեղ կազմակերպվում է ոչ միայն պտղի, այլև բանջար-բոստանային կուլտուրաների մթերման գործընթացը: Արարատյան դաշտում մեծ թափ է առնում խաղողագործությունը, իսկ հայկական կոնյակի մասին անվերջ կարելի է խոսել, – ասաց Աշոտ Ղահրամանյանը և դեսպանին ծանոթացրեց նաև մարզի մշակութային կյանքին ու մշակույթի կենտրոնների գործունեությանը: Դեսպան Մոհամմադ Ռեյիսի Արմավիր կատարած այցի հիմնական նպատակներից էր տեղեկանալ այն հուշագրերի իրագործմանը, որոնք նախորդ տարիներին կնքել են Արմավիրի և Իրանի Իսլամական հանրապետության արևելյան և արևմտյան ատրպատականի նահանգների միջև: Նշենք, որ կնքված հուշագրերից ոչ բոլորն են կյանքի կոչվել, ինչն էլ երկու կողմերի դժգոհությունն է առաջացրել: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դեսպանին ներկայացրեց իր Թավրիզ կատարած այցելության մասին և վստահեցրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կնքած հուշագրերից հետո Արմավիրի մարզը ստեղծել է հնարավոր պայմաններ փոխշահավետ համագործակցության համար: Քանի որ Արմավիրի մարզը հարուստ է գյուղատնտեսությամբ, մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դեսպանին առաջարկեց Արմավիրի մարզում հիմնել գյուղմթերքների վերամշակման գործարաններ: Հանդիպման ավարտին դեսպան Մոհամմադ Ռեյիսին վստահեցրեց, որ այսուհետ Իրանի Իսլամական Հանրապետությունը Արմավիրի մարզի հետ կաշխատի ավելի ակտիվ ու արդյունավետ: