ՏԻՄ բարեփոխումներ

Արմավիրի մարզի համայնքներում ոչ միայն չի կազմավորվել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին, այլ նաև տեղյակ չեն օրենքի այս պահանջին

25 նոյեմբեր, 2017

  • Нравится

«Տեղական ինքնակառավարման մասին» փոփոխություններով օրենքը մեծ տեղ է տալիս համայնքի զարգացման և բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությանը: Օրենքի 84 հոդվածը հստակ պահանջ է ներկայացնում ՏԻՄ-ին՝ մինչև հնգամյա զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի ներկայացումը ավագանու հաստատմանը, կազմակերպել հանրային լսումներ և հաշվի առնել բնակիչների կողմից ստացված առարկություններն ու առաջարկությունները:
Այսպես՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի հոդված 84 կետ 1.

1. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կամ տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման և վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար համայնքի ղեկավարի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին` աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև համայնքի ավագանու մեկից մինչև երեք անդամների, բնակիչների, փորձագետների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ):

Արմավիրի մարզի համայնքներում ոչ միայն չի կազմավորվել համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին, այլ նաև տեղյակ չեն օրենքի այս պահանջին:

Մարզում արդեն ավանդույթ է դարձել, որ համայնքի որոշ ղեկավարներ տարեվերջին կազմակերպում են, բնակչության խոսքով, ժողովներ, որտեղ համայնքի ղեկավարը շնորհավորում է ներկաներին գալիք ամանորի կապակցությամբ և բացատրում, որ գալիք տարում ամեն ինչ ավելի լավ կլինի: Այդ միակ հանդիպման փաստը համայնքի ղեկավարը դասում է և՛ հաշվետվության, և՛ համայնքի համար մեծ կարևորություն ունեցող հարցերի քննարկման, և՛ բյուջեի ու ծրագրերի ներկայացման շարքին: Նույն տրամաբանությամբ են հարցին մոտենում համայնքի բնակիչները:

Այս տարի ուժի մեջ մտած գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 84 հոդվածի 2-րդ կետի պահանջը այսպիսին է՝

2. Համայնքի ղեկավարը մինչև համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կամ տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ կամ քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն

Համայնքների բնակիչները համարում են, որ իրենց մասնակցությունը ՏԻՄ աշխատանքներին կարևոր գործոն չէ, դա համայնքի ղեկավարի գործն է, ավագանին էլ երկրորդական մարմին է:
Արշալույսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը կիսում է համագյուղացիների կարծիքը՝ եթե համայնքապետը տեղում չէ, ոչ ոք ոչ մի հարցի չի պատասխանի, ինքը նույնիսկ իրավունք չունի ասել ՏԻՄ բարեփոխված օրենքի պահանջները կատարում են, թե ոչ, թույլտվություն չունի:
Արշալույս գյուղն ունի 4261 բնակիչ: Համայնքի բնակիչներին ավագանու նիստերի մասին տեղեկացնում են համացանցային պաշտոնական կայքում հայտարարություն տեղադրելու միջոցով,- ասաց Արշալույսի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարը՝ Աննան, բայց կայքը բացել և հայտարարությունը ցույց տալ չէր կարող, գյուղապետը տեղում չէր, դրա համար նույնպես գյուղապետի թույլտվությունն էր պետք: