Հասարակություն Տնտեսություն

Արարատի մարզպետարանում քննարկվել են մարզի բնապահպանական հիմնախնդիրները

29 նոյեմբեր, 2016

  • Нравится

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը հանդիպել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պատասխանատուների հետ: Մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի հետ առանձնազրույցում քննարկվել են մարզի բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաեւ երկու տարի առաջ ՀՀ կառավարության կողմից հաստատված` Արարատի մարզի 2015-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի` բնապահպանության ոլորտի խնդիրները եւ ռազմավարությունը:

Կենտրոնի համակարգողը եւ վարչության պետը մանրամասնորեն քննարկել են մինչ օրս կատարված բնապահպանական աշխատանքները, մասնավորապես` Արարատյան արտեզյան ջրահավաք ավազանի, արոտավայրերի, օդային ավազանի եւ հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաեւ մարզի ոչ մետաղական հանքավայրերի շահագործմանը եւ դրա արդյունքում առաջ եկած խնդիրներին:

Քննարկմանը միացել է նաեւ վարչության` բնապահպանական հարցերով զբաղվող գլխավոր մասնագետ Աշոտ Սարգսյանը, ով համակարգողի հետ մանրամասն զրուցել է մարզում առկա բնապահպանական որոշ խնդիրների մասին:

Համակարգողը նաեւ ներկայացրել է, թե անցած երկու ամսում ինչ գործունեություն է ծավալել Արարատի Օրհուս բնապահպանական – տեղեկատվական կենտրոնը, եւ առաջիկայում, ըստ նախատեսվածի, ինչ ծրագրեր պետք է իրականացվեն: Հատկապես կարևորվել է հասարակության էկոկրթությունը:

Վարչության պետը ողջունել է Օրհուս կենտրոնի կողմից իրականացվող` բնապահպանական դասընթացների շարքը եւ նշել, որ կարեւոր է այն հանգամանք, որ Արարատի Օրհուս կենտրոնն իր ծրագրերում ընգրկել է ամբողջ մարզը` 4 տարածաշրջանները՝ Մասիս, Վեդի, Արարատ եւ Արտաշատ: Նա նաև կենտրոնի համակարգողին շնորհակալություն է հայտնել, որ նա սերտ համագործակցում է վարչության մասնագետների հետ, բնապահպանական տեղեկատվություն փոխանակում:

Վերջում քննարկման մասնակիցները պայմանավորվել են հաճախակի դարձնել իրենց հանդիպումները եւ փորձել լուծում գտնել առկա բնապահպանական խնդիրներին:

Դիտումներ՝ 833