Հասարակություն

ԱՎԱՐՏՎԵԼ Է NESTOGEN ՄԱՆԿԱԿԱՆ ՉՈՐ ԿԱԹԻ ՓՈՇՈՒ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

4 մարտ, 2013

  • Нравится

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող: Այս մասին հայտնում են Հայաստանի ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երկու երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունները շարունակվում են: Փորձաքննության ավարտից հետո վերջնական արդյունքները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Այս մասին տեղեկանում ենք news.am կայքից:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին առավոտյան 09:30-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոց էր տեղափոխվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի 3 ամսական բնակիչ Մերի Վարդանյանը: Ինչպես այդ ժամանակ տեղեկացանք Վաղարշապատի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Բորիս Թանգյանից, երեխան հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում: Մերիի երկվորյակ քրոջը՝ Մարիամին թողել էին տանը, տեղամասի բժշկուհին ասել էր երկվորյակ քույրն արդեն մահացած էր, իսկ Մերիի մոտ ջերմություն էր նկատել և հիվանդանոց տեղափոխել: Երկվորյակների ծնողները կատարվածից շոկի մեջ էին, իսկ երեխաների տատիկը պատմում էր, որ երկվորյակները, լուսադեմին ժամը 05:00-ի սահմաններում սնվել էին արհեստական կաթով և երկու ժամ անց Մարիամն արդեն մահացել էր, իսկ Մերիին տեղափոխել էին հիվանդանոց: Ազգականները պնդում էին, որ երեխաների մահվան պատճառը կարող էր արհեստական կաթը լինել, որը գնել էին Էջմիածին քաղաքի դեղատնից: