ՏԻՄ բարեփոխումներ

Ավագանու որոշումները չեն հետաքրքրում գյուղացիներին, օրակարգում միայն վարկերի մարման հարցն է

12 հունվար, 2018

  • Нравится

Առատաշենի գյուղամեջը մարդաշատ է, քննարկվող թեման նույնն է, վարկերը մարել չեն կարողանում, բանկերը չեն վերավարկավորում, երաշխավորները դժգոհ են վարկառուներից և գյուղում վարկերի պատճառով, գրեթե բոլորը, նեղված են միմյանցից:
Անցում ՏԻՄ աշխատանքներին: Գյուղացիները գոհ են, համայնքի ղեկավարն ու ավագանին լավ են աշխատում, ասում են խմելու ջրի խնդիրն է լուծվել, մի քանի փողոցներում կոյուղագիծ է անցկացվել, գյուղամեջն է լուսավորվել, աղբահանության խնդիրն է լուծվել: Այսքանից ավել նրանց ոչինչ չի հետաքրքրում: Վերադարձ վարկերին՝ դա ամենացավոտ հարցն է: Ավագանու նիստերի կայացման ու որոշումների մասին տեղեկությունը, մեղմ ասած, չի հետաքրքրում գյուղացիներին:
ՏԻՄ բարեփոխված օրենքն ուժի մեջ մտնելուց անցել է մեկ տարի և այս ժամանակահատվածը բավական էր, որպեսզի ՏԻՄ-ները ծանոթանային ու կիրառեին օրենքի պահանջները: Առատաշեն համայնքն ունի 2820 բնակիչ, ավագանու 9 անդամ: Չնայած օրենքն այստեղ չի պարտադրում, բայց Առատաշեն համայնքում համայնքի ղեկավարի առաջարկությամբ ու ավագանու որոշմամբ, մի քանի ամիս է, գյուղն ունի համացանցային պաշտոնական կայք: Կայքում տեղադրված է համայնքի ղեկավարի հնգամյա զարգացման ծրագիրը, ավագանու որոշումներն ու գյուղին առնչվող այլ նորություններ: Համակարգչային օպերատորը վստահեցնում է՝ ավագանու նիստերից հետո, առնվազն մեկ շաբաթվա ընթացքում, որոշումներն արդեն կայքում տեղադրված են, միայն չգիտի ինչու նիստերի կայացման մասին հայտարարություններն էլ այստեղ չեն տեղադրում:
Առատաշենի երիտասարդ բնակիչները նույնպես չեն դժգոհում ավագանու աշխատանքից: Ճիշտ է, բոլորին չեն ճանաչում, նրանց դերի ու նշանակության մասին այնքան էլ լավ չեն պատկերացնում, բայց վստահ են՝ լավ են աշխատում, տեղեկանքների հարցում ընդառաջում են: