ՏԻՄ բարեփոխումներ

Ավագանու կազմը երիտասարդացել է, սովորելու շատ բան ունեն

3 նոյեմբեր, 2017

  • Нравится

Ջանֆիդա համայնքը 3162 բնակիչ ունի, ավագանու 9 անդամ: Գյուղապետն առանձնապես հետաքրքրված չէ ոչ ավագանիով, ոչ էլ նիստերով, ասում է դրանով աշխատակազմի քարտուղարն է զբաղվում: Գյուղապետի տեղակալ Էդիկ Մանուկյանն ավելի լավ է պատկերացնում ավագանու դերն ու նշանակությունը: Վերջին ընտրություններում կազմը փոխվել է, երիտասարդացել, մի քիչ պատկերացումները փոխվել, հետաքրքրությունը պակասել, բայց Մանուկյանը վստահ է՝ ժամանակի հարց է: Հիշում է՝ նախկինում ավագանին ավելի ակտիվ էր, նիստեր են եղել, որ քննարկումներն օրով են ձգվել, պատկերը փոքր ինչ փոխվել է, բայց կարգը պահպանվել է,- ասում է Էդիկ Մանուկյանը:
Ավագանու անդամներին, ինչպես կարգն է, տեղեկացնում են նիստերի կայացման մասին, ՏԻՄ բարեփոխված օրենքի պահանջները ոչ միշտ են կատարում, բայց վստահ են՝ ժամանակի ընթացքում կհասցնեն բացը լրացնել: Մանուկյանը կրկին հիշողություններով է տարվում, նախկինում ավագանու նիստերին ակտիվ մասնակցություն էին ունենում համայնքի բնակիչները, հիմա պասիվ են, չգիտի ում մեղքն է:
Բարեփոխված օրենքի պահանջով ավագանում ձևավորված հանձնաժողովներ չունեն, այդ մասին չեն մտածել, բայց համացանցային պաշտոնական կայքը կա ու գործում է:
Ըստ Մանուկյանի, ավագանու նիստերի կայացման մասին հայտարարությունը և ավագանու որոշումները փակցնում են գյուղապետարանի շենքում տեղադրված վահանակին և գյուղի կենտրոնում, սպասասրահի պատին: Գյուղապետարանի շենքում վահանակը կար, հայտարարություն կամ որոշում չկար, սպասասրահում նույնպես որևէ հայտարարություն չգտանք: