Համայնքներ Մայիսյան

Ավագանին գոհ է կատարված աշխատանքից, բայց ավելին է պահանջում գյուղապետից

15 դեկտեմբեր, 2015

  • Нравится

Մայիսյանի համայնքապետն ավագանուն ներկայացրեց 2015թվ-ին կատարված աշխատանքները: Ավագանու նիստի օրակարգում երկու հարց էր՝ մեկ տարվա աշխատանքների հաշվետվություն և հողի հարկի ու գույքահարկի հավաքագրում: Նիստին ավագանու 7 անդամներից ներկա էին 4-ը: Օրակարգը հաստատվեց և, մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, ավագանու անդամ Հովսեփ Հակոբյանը նկատեց. համայնքում անելիքներ ու բացթողումներ շատ կան, դրանք սկսվում են համայնքի սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ և ժամանակին կազմակերպելուց և ավարտվում մանկապարտեզի շենքի կառուցումից ու համայնքի որոշ հատվածներում ոռոգման ջրի բացակայությունից, սակայն ավագանին, ով նաև Արցախյան պատերազմի ազատամարտիկ էր, չէր կարող չնշել, որ զոհված ազատամարտիկների հիշատակի միջոցառումները կազմակերպվել են պատշաճ մակարդակով:
Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը համաձայն է ավագանու անդամի հետ, գյուղում լուծում պահանջող խնդիրներ շատ կան, չնայած որ անցնող տարում վերանորոգվել է 3 և կառուցվել 1 խորքային հոր: Այնուամենայնիվ, դեռ 150 ընտանիքներ 30 հեկտար տնամերձ հողամասեր չեն կարողանում մշակել ոռոգման ջրի բացակայության պատճառով: Ինչ վերաբերում է մանկապարտեզի շենքի վերակառուցմանը, ապա գյուղապետը նշեց, որ շուրջ 21 տարի մանկապարտեզի շենքում բնակվող 4 ընտանիքներ այս տարի են կառավարությունից փոխհատուցում ստացել բնակարաններ ձեռք բերելու համար և միայն վերջերս են ազատել մանկապարտեզի շենքը և, ըստ համայնքի ղեկավարի, 2016թվ-ին մանկապարտեզի շենքի վերակառուցման հարցով կդիմի կառավարության աջակցությանը, քանի որ համայնքի բյուջեի սուղ միջոցներով շենքը, որի համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ կլինի մոտ 60 մլն դրամ, անհնար է:
Ավագանու նիստին ներկա էր նաև գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը, ով եկել էր ոչ միայն ավագանուն ներկայացնելու գյուղապետարանի միջոցներով դպրոցում կատարված աշխատանքների մասին, այլև աշակերտների անունից համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ուշադրությունը հրավիրել դպրոց տանող ճանապարհի բարեկարգմանն ու սանիտարական մաքրմանը: Ավագանին ընդունեց դպրոցի տնօրենի կողմից բարձրացված հարցն ու խոստացավ օրակարգում առաջնային տեղ հատկացնել այդ խնդրին:
Ավագանու մյուս անդամը՝ Համազասպ Իվանյանը, մտահոգված էր գյուղում խմելու ջրի հարցով: Իվանյանը թվարկեց գյուղապետարանի և ջրամատակարարի կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով գյուղի որոշ հատվածներում ջրախողովակների վերանորոգման ու շուրջօրյա ջրամատակարարման մասին, սակայն նշեց, որ գյուղում դեռ մնում են թաղամասեր, որտեղ ջուրը մատակարարվում է 17-ժամյա գրաֆիկով և որտեղ խիստ անհրաժեշտություն կա հին խողովակաշարերը նորով փոխարինելու:
Ավագանին 2015 թվ-ին կատարված աշխատանքները բավարար գնահատեց, բայց հաջորդ տարի անելիքների վրա մեծ ուշադրություն հրավիրեց: Դրանք գյուղի ամբողջական լուսավորությանը, ճանապարհների վերանորոգմանն ու ոռոգման ջրով գյուղացիներին ապահովելուն էին վերաբերում: Սրանք գյուղացիների կողմից ամենահաճախ բարձրացվող հարցերն են,- ասաց ավագանու անդամ Համազասպ Իվանյանը:
Գյուղապետ Եսայի Մովսիսյանը օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով նշեց, որ հողի հարկը հավաքագրվել է շուրջ 80 տոկոսով: Հաշվի առնելով այս տարվա գյուղմթերքի իրացման խնդիրներն ու մթերված խաղողի դիմաց գյուղացիներին դեռ չվճարված գումարները, գյուղապետը և ավագանին արդյունքից դժգոհ չէին, բայց համայնքի ղեկավարը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ հողի հարկի հավաքագրումը կկարողանան 100 տոկոսով կատարել: Նշենք, որ Մայիսյան համայնքի բյուջեն կազմում է 38 մլն 883 հզր դրամ: