Արմավիրի մարզում երկու տարի դեղձ չկար: Պատճառը կարկուտն էր ու ցրտահարությունը: Այս տարի ճիշտ հակառակն է. դեղձի բերքն ավելի շատ է, քան պետք է լիներ: Գյուղացիներն ասում են, որ բերքատվության առատությունից ծառերի ճյուղերը կոտրվում են, ծանրությանը չեն դիմանում: Արագ բերքը հավաքել ու իրացնել է պետք, իսկ իրացման համար շուկա է պետք: Շուկան կա, սպառող չկա, արտահանող նույնպես չկա, արդյունքում դեղձի 1 կգ-ը չի գերազանցում 200 դրամը: Սա իհարկե լավագույն դեպքում, եթե դեղձը շատ մեծ է ու աննկարագրելի տեսք ունի: Միջին կամ լավ տեսակի դեղձը, ըստ այգետերերի, վաճառվում է 50 – 100 դրամի սահմաններում: Ամենապարզ հաշվարկի դեպքում ծախսերն ու եկամուտը անգամ չի հավասարվում, իսկ ահա մթերող կազմակերպությունների սահմանած գինը՝ 1 կգ-ը 40 դրամ, գյուղացիներին ավելի է հիասթափեցնում: Գյուղացիների կարծիքով լոլիկն ավելի թանկ է, քան դեղձը: Երկու տարի առանց եկամուտի սպասելուց և այսօր դեղձի բերքից գոհ շուկա դուրս գալուց հետո, նրանք հասկացան, որ գյուղատնտեսությունը ոչ թե զարգանում, այլ օրեցօր հետընթաց է ապրում: Նույն իրավիճակն էր նաև ծիրանի, կարտոֆիլի ու սալորի դեպքում: Տարին բերքառատ էր, բերքը՝ որակյալ, սպառումը՝ անհնար: