Առատաշեն Համայնքներ

Առատաշենի բյուջեն 2016 թվ-ին կավելանա, բայց խմելու ջրի խնդիրն օրակարգում կմնա

23 դեկտեմբեր, 2015

  • Нравится

Առատաշենի ավագանին միաձայն հաստատեց տարեվերջյան 13-րդ նիստի օրակարգը: Օրակարգում համայնքի 2016թ. բյուջեի հաստատման և օգնություն հատկացնելու մասին հարցերն էին: ՄԻնչև հարցերի քննարկմանն անցնելը, Առատաշենի համայնքապետ Վահրամ Հարությունյանը լավ լուր հայտնեց ավագանուն. 2016թ. բյուջեն 3 մլն դրամով կավելանա: Այսպիսով, 2014թվ-ին Առատաշենի համայնքային բյուջեն փաստացի եկամուտների գծով  կազմել է 54 մլն 520 դրամ, ծախսերը՝ 57,440, 2015-ին հաստատված բյուջեով եկամուտները կազմել են 62,041 և նույնքան էլ ծախսերը, եկող տարում նախատեսվող գումարը կազմում է 65,680 դրամ և նույնքան էլ կազմում են ծախսերը:

Մինչև ավագանին կքվեարկեր 2016թ. բյուջեի համար, ավագանու անդամ Գուրգեն Խաչատրյանն առաջարկությամբ հանդես եկավ: Ավագանու անդամին հետաքրքրում էր արդյոք հնարավո՞ր չէ բյուջեում ներառել գյուղի ֆուտբոլի հրապարակի վերանորոգման ծախսերը: Համայնքի ղեկավարն առաջարկեց հարցը քննարկել հաջորդ տարի: Ավագանին պնդում է՝ դպրոցականների համար հրապարակը կարևոր նշանակություն ունի: Համայնքապետը կրկին առաջարկում է ցանկապատումն իրականացնել այս տարի, վերանորոգումը՝ եկող: Մոտավոր հաշվարկներով հրապարակի վերանորոգման համար անհրաժեշտ կլինի 700-800 հզր դրամ:

Ֆուտբոլի հրապարակի հարցը կքննարկվի արտահերթ նիստում,- առաջարկեց համայնքի ղեկավարը, համաձայնեցին ավագանու անդամները: Ավագանու անդամ Գրիգոր Մակարյանն է հարց բարձրացնում՝ գյուղի խմելու ջրի հարցն է անլուծելի մնում: Առատաշենի խմելու ջուրը մատակարարվում է 3 արտեզյան հորերի միջոցով, օրական 4 ժամ գրաֆիկով: Համայնքապետը համաձայն է, օրակարգային խնդիր է, ներքին ցանցն ամբողջությամբ քայքայված է, հիմնովին վերանորոգման կարիք կա, համայնքի բյուջեի միջոցներով խնդիրը լուծելն անհնար է: Գյուղապետն ավելացրեց, որ խմելու ջրի համակարգը անհատույց հանձնել են Հայջրմուղկոյուղուն, սակայն վերջիններս ջրամատակարարման համակարգի վերանորոգման համար հստակ ժամկետներ չեն նշում:

Վահրամ Հարությունյանը ավագանուն առաջարկում է խնդրի ժամանակավոր լուծում. ջրամատակարարման գրաֆիկը 2 ժամով ավելացնել և արտեզյան հորերի ծախսած էլեկտրաէներգիայի գումարը համայնքի բյուջեի հաշվին կատարել: Ավագանին առաջարկեց  այս հարցը ևս ընդգրկել արտահերթ նիստի օրակարգում: Ավագանու անդամներին հետաքրքրում էր նաև փողոցների լուսավորության հարցը. ասում են գյուղի 80 տոկոսը մթության մեջ է: Գյուղապետը դեմ չէ, բայց ծախսը մեծ է, համայնքի բյուջեի համար շռայլություն է: Գյուղապետն առաջարկում է՝ եթե բնակիչները կհամաձայնեն հոսանքի ծախսը կիսել գյուղապետարանի հետ, կարելի է հարցը քննարկել: Աղբահանության հարցը ևս ավագանին չշրջանցեց, գյուղում աղբահանությունը կատարվում է շաբաթը մեկ անգամ, համայնքային բյուջեի հաշվին, բնակիչներից աղբահանության համար վարձավճար չի գանձվում: Ավագանու առաջարկությանը, որպեսզի աղբահանությունը կատարվի ամենօրյա գրաֆիկով, գյուղապետը առաջարկում է՝ եթե աղբահանության համար կվճարի քաղաքացին, ավագանու առաջարկը կդրվի քննարկման: Ավագանին վստահ չէ գյուղացին կկարողանա՞ վճարել, թե՞ ոչ, հետևաբար շաբաթը մեկ անգամ հեռացվող աղբահանության գրաֆիկը մնում է ուժի մեջ, որի  համար համայնքի բյուջեից տարեկան հատկացվում է 1 մլն 700 հզր դրամ:

Ավագանին միաձայն հաստատեց 2016թ. բյուջեն և նիստի ընթացքում քննարկվող երեք հարցերն էլ՝ խմելու ջուր, աղբահանություն, փողոցների լուսավորություն, տեղափոխեց հաջորդ շաբաթ կայանալիք արտահերթ նիստի օրակարգ: