Ակնալիճ Համայնքներ Տնտեսություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵԶԴԻՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀՈԳԵՎՈՐ ՏԱՃԱՐԸ ԲԱՑՎԵՑ ԱԿՆԱԼԻՃՈՒՄ

29 սեպտեմբեր, 2012

  • Нравится

Համայն եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն, միրերիմիր Թահսին Բեկի գլխավորությամբ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում սեպտեմբերի 29-ին օծվեց նորակառույց տաճարը: Նվիրական մեծ նպատակի համար բազմաթիվ եզդիներ աշխարհի տարբեր երկրներից այսօր միախմբվել էին նույն վայրում: Եզդիների միակ հոգևոր կենտրոնը գտնվում էր Իրաքում և արդեն երկրորդ սրբատեղին բացվեց Ակնալիճում: Նորակառույց տաճարի ճարտարապետական լուծումները կրկնօրինակված են Իրաքում գտնվող Լալեշի տաճարից: Եզդիների պաշտամունքի առարկան հանդիսանում է արևը: Արևապաշտությունը խորհրդանշող արևի նշանն էլ տեղադրվել էր տաճարի գմբեթին: Տաճարը գտնվում է եզդիների գերեզմանատան հարևանությամբ: Ըստ նրանց մեկնաբանման, աղոթքից հետո նրանք այցելում են իրենց ննջեցյալ հարազատների գերեզմանատեղին և կարևոր են համարում այն հանգամանքը, որ տաճարը կառուցվի գերեզմանատան կողքին: Եզդիների հիշարժան օրը ողջունեցին Արմավիրի մարզային իշխանության և Արմավիրի թեմի քահանայաց դասի ներկայացուցիչներ: Տաճարի բարերարն է մոսկվայաբնակ Միրզա Սլոյանը, ով կատարեց իր ծնողների և իր մանկության վաղեմի երազանքի նվիրական գործը: Եզդիներն աղոթում են տանը, դրսում, այսօր նրանք Հայաստանում արդեն ունեն իրենց աղոթատեղին: Բազմաթիվ եզդիներ, ուխտ կատարելով, այցելում են Իրաքի տաճար: Ճանապարհն այսուհետ շատերին կբերի նաև Հայաստանում բացված եզդիների նորակառույց հոգևոր կենտրոնի մոտ: