Տնտեսություն

ԱՇԽԱՏՈՒԺԻ ՊԱԿԱՍ ԿԱ՞, ԹԵ՞ ՕՐԱՎԱՐՁՆ Է ՔԻՉ

4 մարտ, 2013

  • Нравится

Գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են: Այժմ ընթանում է այգեբացի, ծառերի էտի և ջերմոցային տնտեսություններում սածիլավորման աշխատանքները: Գյուղացիները, բացի իրենց սեփականաշնորհված կամ տնամերձ հողամասերում աշխատանք կատարելուց, նաև կազմում են խմբեր և օրավարձով աշխատում խոշոր հողատերերի մոտ: Օրական վարձավճարը մեկ անձի կազմում է 5000 – 6000 դրամ, իսկ գարնան սկզբում համեմատաբար ցածր են վարձատրվում աշխատողները՝ 4000 դրամ: Գումարի չափը չի գոհացնում աշխատողին, իսկ ավել վճարը ձեռնտու չէ գործատուին: Արդյունքում աշխատուժի պակաս է գրանցվում: Բրիգադիր Արթուրն օրինակ ամբողջ տարվա ընթացքում իր թիմով աշխատում է տարբեր այգետերերի ու ֆերմերների մոտ: Ինքն անձամբ գոհ չէ վճարից, բայց այս սեզոնի համար քիչ գումար չի համարում 4000-ը: Ասում է հիմա աշխատանքը թեթև է, ամռան սեզոնին, այսինքն բերքահավաքի ընթացքում են դժվարանում, աշխատանքային օրը երկար է, իսկ 4000 –ը՝ քիչ տանջանքի դիմաց: Օրինակ, լոլիկի բերքահավաքը մեկ անձին, մեկ օրվա դիմաց 5000 դրամով են համաձայնության գալիս, ծիրանի և այլ պտղատեսակների դեպքում՝ 6000 դրամ: Բրիգադիր Արթուրի կարծիքով հիմա քիչ են աշխատել ցանկացողները, բայց ամռան սեզոնին կավելանան, ասում է ընտանիք պահելու լավագույն միջոցը չէ, բայց աշխատանքի բացակայության այս պայմաններում հարմար տարբերակ է: