Տնտեսություն

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐՈՒՄ ԱՂԲԸ ԹԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

25 փետրվար, 2014

  • Нравится

Արմավիր քաղաքի աղբահանության հետ կապված կրկին խնդիրներ են առաջացել: Այս անգամ ոչ թե աղբահանությունն է վատ կազմակերպվում, այլ քաղաքացիներն են վարձավճարների հարցում թերանում: Այս մասին փետրվարի 25-ին Արմավիրի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Քաղաքապետը նշեց, որ քաղաքացիները նաև անտարբերություն են ցուցաբերում իրենց բակերի նկատմամբ՝ աղբը կուտակելով ոչ նախատեսված այլ անթույլատրելի վայրերում: Խնդիրը լուծելու նպատակով քաղաքապետը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով, որը կվերահսկի բակային տարածքներում աղբերի անթույլատրելի կուտակումը և խախտման դեպքում վարչական տույժի կենթարկի: Ռուբեն Խլղաթյանը ներկայացրեց Արմավիրի քաղաքային համայնքի 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Սեփական եկամուտների գծով հավաքագրումը հարյուր տոկոսի չէր հասցվել, բայց արդյունքները գոհացնող էին եղել:
Փողոցային առևտրից քաղաքապետարանը բազմաթիվ բողոքներ էր ստացել քաղաքացիների կողմից: Քաղաքապետը փողոցային առևտուրը դադարեցնելու համար մտադիր է դիմել ոստիկանություն:
Քաղաքապետը նկատում է՝ բացի խնդիրներից, կան նաև դրական առաջընթացներ: Քաղաքապետը ներկայացրեց 2014թ. նախատեսված բարեփոխումների շարքը, որոնք վերաբերում էին քաղաքային զբոսայգու որոշ հատվածների սալիկապատման, լուսավորման աշխատանքներին: Կշարունակվեն քաղաքի Բաղրամյան փողոցի բակային տարածքների վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետը նշեց, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ այս տարի ևս կվերանորոգվեն քաղաքի 2 բազմաբնակարան շենքերի տանիքներ:
Օրակարգում տեղ գտած հաջորդ հարցերը վերաբերվում էին «Բարեկարգում» տնօրինության աշխատակիցների թվի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատմանը, Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն ուղիղ վաճառքի միջոցով օտարելուն, հողերի նպատակային նշանակությունը փոխելուն և Արմավիրի քաղաքային գերեզմանատան իրավական ռեժիմում փոփոխություն կատարելով ընդունել, որպես բաց ռեժիմի գերեզմանատուն: Օրակարգում տեղ գտած հարցերին ավագանին միաձայն կողմ քվեարկեց: Ֆինանսական աջակցության խնդրանքով Արմավիրի քաղաքապետին և ավագանուն էին դիմել սոցիալապես անպահով 10 ընտանիքներ: Նշված ընտանիքներին օգնություն հատկացնելու հարցը ևս ավագանին հաստատեց: