Լուկաշին Համայնքներ Պատահարներ

ԱՅՐՎԵԼ Է ԳԱԶ 21 ԱՎՈՄԵՔԵՆԱՆ, ԿԱ 5 ՏՈՒԺԱԾ

18 հուլիս, 2012

  • Нравится

Հուլիսի 18-ին ժամը 13:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Լուկաշին գյուղից քարհանք տանող ճանապարհի 3կմ-ի հատվածում ԳԱԶ 21 մակնիշի մարդատար ավտոմեքենայի սրահում հրդեհ է բռնկվել, ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևորներն այրվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց:
Արմավիրի հրշեջ ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ժամը 13:17-ին հրդեհը մեկուսացվել է , 13:34-ին մարվել: Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փրկարար ծառայության մայոր Յուրա Ենոքյանից տեղեկանում ենք, որ հրդեհից տուժել են Հայկաշեն գյուղի բնակիչ, ավտոմեքենայի վարորդ 1964թ-ի ծնված Դավիթ Կիրակոսյանը և Խանջյան գյուղի բնակիչներ՝ 32 ամյա Համլետ Եզիազարյանը, 30 ամյա Հովհաննես Պետրոսյանը, 31 ամյա Մհեր Գրիգորյանը և 37 ամյա Պարույր Հովսեփյանը:
Վաղարշապատի հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքի հերթապահ վիրաբույժ Տիգրան Սարգսյանը տուժածների վիճակը գնահատում է կայուն, միջին ծանրության: Ըստ բժշկի, վաղն արդեն հիվանդները կարող են դուրս գրվել հիվանդանոցից: Տուժածները ստացել են 1-ին և 2-րդ կարգի այրվածքներ, հիմնականում վերին վերջույթների հատվածում:
Տուժածներից մեկը պատմեց, որ հրդեհը բռնկվել է գազի արտահոսքից: