Տնտեսություն

ԱՄԲԵՐԴՈՒՄ ՆՈՐ ԵՆ ՆԿԱՏԵԼ, ՈՐ ԻՐԵՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՎՃԱՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ, ՔԱՆ ՀԱՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

4 սեպտեմբեր, 2013

  • Нравится

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչները միայն այս տարի հասկացան, որ իրենք ոռոգման ջրի դիմաց ավելի շատ են վճարում, քան հարևան համայնքների ջրօգտագործողները: Նրանք զարմացան, զայրացան, հետո խնդրի մասին բարձրաձայնեցին ու փորձեցին հասկանալ պատճառները: Պատճառը 2007թ. կառավարության որոշումն էր, որով հանրապետության 71 գյուղական համայնքների ոռոգելի հողատարածքները համարվել էին գերնորմատիվային: Իսկ թե ինչ՞ու էր ամբերդցին նոր տեղեկանում այդ մասին, «Խոյ» ջրօգտագործողների ընկերության նախագահ Սեյրան Սարգսյանը պարզաբանում է, որ դրա մասին ջրօգտագործողները վաղուց գիտեին, պարզապես նոր են բարձրաձայնում կամ ոռոգման ջրի վարձավճարի բարձրացման հետ միայն նոր են նկատել վարձավճարի տարբերությունը և, չգիտես ինչու, Սարգսյանը սկսում է ներկայացնել ամբերդցու թամբալությունը, հողագործության նկատմամբ անտարբերությունը, գյուղացիների կողմից տնամերձ հողամասերը վաճառելու տենդենցը, որը որևէ կերպ ոռոգման ջրի վարձի կամ հողի կարգավիճակի սահմանման հետ կապ չուներ: Մյուս կողմից Ամբերդի բնակիչներն են պնդում, որ խնդիրը նոր է առաջացել, և որ գերնորմատիվային հողերի անվան տակ «Խոյ» ջրօգտագործողների ընկերությունը ոռոգման ջրի դիմաց իրենցից կրկնակի գումար է գանձում: ՋՕ ղեկավարը նորից է հիշեցնում. «Հողը որակավորելը ՋՕԸ-ի ֆունկցիաների մեջ չի մտնում»: Այս դեպքում գյուղացիները մեկ այլ հարց են առաջ քաշում ՝ ջրաչափի տեղադրում են պահանջում: Ըստ ջրօգտագործողների փորձը ցույց է տվել, որ ջրաչափով ավելի պակաս ջուր է օգտագործվում, քան մատակարարի կողմից մեկ հեկտարի համար սահմանած վճարն է: Իսկ մատակարարն ասում է, որ ամբողջ հողատարածքներում ջրաչափ տեղադրելն անհնար է, ընկերությունը շարժական չափիչ ունի, որով էլ հողատարածքների տարբեր հատվածներում չափումներ են կատարում և, ըստ այդմ, հեկտարի համար գին սահմանում: Ո՞վ է մեղավոր ստեղծված իրավիճակում, կամ ո՞վ է ճիշտ, դժվար է ասել, բայց որ խնդիրը նաև մասնավոր կամ ավելի ճիշտ գյուղապետ- ՋՕԸ տնօրեն անհամաձայնության ու նաև վեճի առիթ է դարձել, դա փաստ է: Պարզվում է, որ ՋՕԸ փորձել է ջրաչափ տեղադրել Ամբերդի գյուղապետի եղբոր Արծրուն Բաբայանի 12,6 հա խաղողի այգում, չնայած գյուղապետը, ըստ մատակարարի, դեմ է եղել, այնուամենայնիվ չափիչը տեղադրվել է: Իսկ գյուղապետի եղբայրը հակառակն է համոզում, ասում է ջրաչափն իրենք են պահանջել, քանի որ վստահ էին, թե ավելի քիչ ջուր էծախսվում, քան սահմանված նորմն է, իսկ ՋՕԸ հրաժարվում էր տեղադրել: Գյուղապետ Մանվել Բաբայանը գյուղում չէր, ՋՕԸ տնօրեն Սեյրան Սարգսյանն էլ համոզված էր, գյուղապետն իր շահերից ելնելով է խնդիրը գլոբալ քննարկման թեմա դարձրել: Գյուղապետի փոխարեն մեզ հետ զրուցեց տեղակալը՝ Լևիկ Վարդանյանը: Ըստ նրա շարժիչ ջրաչափով մեկ հողակտորի վրա չափումներ է կատարվում, ապա որոշվում հեկտարի հաշվով ինչքան ջուր է ծախսվում և այդ հաշվարկով էլ գումարը գանձվում: Նշենք, որ նա կիսում է և համագյուղացիների, և մատակարարի կարծիքը: Լևիկ Վարդանյանը նաև գյուղի ջրբաժանն է: